Մամուլ

Հերթական ավտովթարի պատճառով կան վիրավորներ․ վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ

Shamshyan.com-ը գրում է․ «Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Էդուար Ի․-ի վարած «Mercedes» և 58-ամյա Արայիկ Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Շահբազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Կարապետյանը և Արսեն Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Կիսվեք ձեր էջում