Մամուլ

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Hetq.am-ի փոխանցմամբ` Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Վերջինս նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Հիշեցնենք՝ 2026թ. հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։ Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։