Մամուլ

Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:

«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար (Դոնալդ Թրամփի–խմբ.) և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասված է բաց նամակում։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։

Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։