Շոու-բիզնես

Սիրո պակասից իմ Երկիրն ու Քաղաքն են հիվանդացել, իմ մարդիկ ու անգամ երկինքը Քաղաքիս. Նազենի Հովհաննիսյան

 Հաղորդավարուհի, հանդիսավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր դեռ կարծում են, թե արտաքինը երբևէ որևէ դեր ունի՝ Սիրելու համար: Բոլորովին ոչ: Սիրո պակասից ընտանիքներ են քանդվում, սիրո պակասից սիրո կարոտ երեխեք են ծնվում ու հետո վերարտադրում են անսեր ընտանիք՝ սիրո պակասից,

խեղված հոգիներ ու կոտրված սրտեր են ծնվում սիրո պակասից, խորացնում են աշխարհի վերքերն ու քանդում երջանիկներին, որ հավասարվեն…

Սիրո պակասից են լեռները դառնում ավազահանքեր ու փոշի, ծառերն անարմատ գերաններ ու կենդանիներն անտուն, անտանիք, անընտանիք…

Սիրո պակասից մոլորակն արդեն վաղուց ջերմում է, օվկիանոսները եռում բարկությունից ու մարդը… մարդը իր անմահություն ու սերը փորձում է գնել վիրահատական սեղանին՝ սիրո՛ պակասից (

…գեղեցկությունը թոշնում է կամ մնում աննկատ, սիրուն հոգիներն ամայանում են ու գեղեցիկներն այլանդկավում՝ ինքնակամ, սիրո՜ պակասից:

Մարդն ընկերանում է իր ստեղծած անհոգի արհեստական բանականության հետ, որը խաբում է, թե սիրում է, ստում է, թե ընկեր է,որովհետև չի՛ զգում ոչինչ!!!!! չի զգում ոչինչ, որովհետև աշխարհը ճիշտ ու սխալի մաաին չէ վաղուց, այլ ԶԳԱԼՈւ, խղճի, ու Սրտի:

Վիրաբույժը գուցե և հետ բերի սիրտդ, պլաստիկը՝ գեղեցկությունդ ու արհ. բանակությունը՝ միտքդ փորձի վերարտադրել, բայց ՍԵՐԸ չեն տա,չեն վերադարձնի ու չեն ստեղծի:

Աստծո պատկերով ու նմանությամբ՝ Տիրոջ տված շնորհը Սերն է:

Ու դեռ ոչ մի տեխնոլոգիական առաջընթաց ՍԵՐ չի ստեղծել:

Մարդիկ հիվանդանում ու կործանվում են սիրո պակասից, պատերազմները, որոնք իբր լինում էին հանուն սիրո նախկինում՝ լինում են սիրո պակասից,

միջազգային ու ներանձնային ատելությունը՝ սիրո պակասից է ու էդպես հազարումիբան սիրո պակասից է:

Չէ՜, խոսքով կամ խոստումով էլ Սեր չի լինում: Չի լինում:

Սիրո պակասից իմ Երկիրն ու Քաղաքն են հիվանդացել, իմ մարդիկ ու անգամ երկինքը Քաղաքիս…

Սիրո պակասից շնչելն է դժվարացել…
ու ես հա մտածում եմ, էդ ինչքան՞ պիտի ՍԵՐ ամբարենք, որ բավականացնի ՆՈՐՈԳԵԼ սիրո պակասից անդունդի մեջ մարող մի ամբողջ ժողովրդի:

Անսահմա՜ն Սեր:
Քրիստոսավայե՜լ Սեր»։