Մամուլ

«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը․ ժամանակավոր դադարեցվել են Երևան-Կապան չվերթերը

«Սյունիք» օդանավակայանը հերքում է տարածել՝ նշելով, որ հակառակ լրատվամիջոցներում տարածված հրապարակումների՝ օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։

«Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։

Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։

Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերից նախկին 3-ի փոխարեն իրականացվում է շաբաթական 5 չվերթ, որոշակի պահանջարկ է նկատվում նաև չարտերային թռիչքների մասով։

Խնդրում ենք լրատվամիջոցներին և անհատներին «Սյունիք» օդանավակայանի և «ՆովԷյր» ավիաընկերության մասին տեղեկությունների համար դիմել պաշտոնական խողովակներով։ Միշտ պատրաստակամ ենք տրամադրել հանրության համար կարևոր տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: