Մամուլ

Փրկվել է ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Shamshyan.com էին զանգահարել Երևանի բնակիչներ, մերօրյա հերոս Վարդան Մամիկոնյանի ծնողներն ու հարազատները, ովքեր ցանկացան կիսվել իրենց հետ տեղի ունեցած հրաշքով՝ թե ինչպես իրենց որդին ամենակարող Տիրոջ կամքով, բժիշկների օգնությամբ երկրորդ կյանք ստացավ: Ծնողները մեծ երախտագիտությամբ ցանկացան իրենց շնորհակալական խոսքերը հղել այդ հրաշքն իրագործողներին, ասելով․

«2024 թվականի մայիսի 23-ին վրաերթի հետևանքով 11-ամյա Վարդան Մ.-ին գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում դեպքից վայրկյաններ անց տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն: Մեքենան անցել էր հենց երեխայի գլխի վրայով: Այնտեղ արհեստական շնչառություն տալով, ինտուպացնելով, պայքարել են երեխայի կյանքի համար:

Անգամ սրտի կանգը պրոֆեսիոնալ բժիշկներին չստիպեց հանձնվել։ Արագ քայլեր ձեռնարկելով՝ բժիշկները կապ են հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ում ցուցմամբ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների միջոցով տեղափոխել է իրենց բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել է՝ կատարելով  տրիպանացիա (գանգուղեղային ոսկորի հեռացում)։ Բացի վերը նշված վիրահատությունից՝ կատարվել է թոքերի դրենաժավորում և բրոնխներից հեռացվել է օտար մարմինը՝ ատամը:

Կոման աստիճանական սանդղակում եղել է 3 աստիճան։ Անգամ վիրահատությունից օրեր անց երեխայի վիճակը գնահատվում էր անհույս, ծայրահեղ ծանր: 40 օր վերակենդանացման բաժանմունքում համապատասխան ստացիոնար ու դեղորայքային բուժում ստանալուց հետո արդեն հնարավոր էր արձանագրել, որ կյանքի որակի դրական փոփոխությունը ակնհայտ է, այդ իսկ պատճառով երեխան տեղափոխում է «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական կենտրոն՝ վեգետատիվ փուլով։

Երեխան չէր արձագանքում, սնվում էր նազոգաստրալ զոնդով, շնչում  էր տրախեաստոմիկ խողովակով: Օրեր անց վերականգնողական աշխատանքներ կատարելու արդյունքում բժիշկները արձանագրեցին, որ երեխան կոնտակտի է դուրս եկել արտաքին աշխարհի հետ ու կատարում է պարզ հրահանգներ:

Օրեցօր երեխայի մոտ նկատվում էր դրական դինամիկա, որի արդյունքում դեպքից մոտ 3 ամիս անց երեխան կրկին տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է ոսկորի տեղադրման վիրահատություն։ Վիրահատությունից հետո երեխան վերադառնում է վերականգնողական կենտրոն, որտեղ երկարատև, պրոֆեսիոնալ ու համառ 4 ամիսները տվեցին իրենց դրական պտուղները։

Երեխան սկսեց սնվել առանց նազոգաստրալ զոնդի, հեռացվեց տրախեաստոմիկ խողովակը, ձևավորվեց խոսքը, երեխան տեսնում էր, լսում և գիտակցում լիարժեք, կարողանում էր պահել գլուխը, նստել, ինչպես նաև օգնությամբ քայլել: Անշուշտ ամբողջական վերկանգման համար դեռ երկար ճանապարհ կա հաղթահարելու, բայց չհաստատել այն, որ արդեն հաղթահարված ճանապարհը առանց չափազանցության հրաշք է լիիրավ համաձայն են թե՛ բժիշկները, թե հարազատները:

Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել «Մուրացան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, հանձինս առաջին իսկ վայրկյանից երեխայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանին:

Առանձնահատուկ շնորհակալություն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանին, գլխավոր բժիշկ Սեյրան Հովհաննիսյանին, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Սիմոնյանին, գանգուղեղային վիրահատությունը կատարած և նեվրովիրաբուժական բաժնի ղեկավար Սամվել Սարգսյանին, պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանին, բժիշկ Ռուբեն Թամազյանին, վիրաբուժական բաժնի վարիչ Դավիթ Դալլաքյանին, 40 օրերի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում հսկող բժիշկ Նոնա Կիրակոսյանին, ֆիզիոթերապիստ Դիանա Լևոնյանին և ամբողջ անձնակազմին խորհին շնորհակալություն։

Մեծ ու խորին շնորհակալություն «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանին, բժշկական գծով տնօրեն Նինա Արիկյանցին, «Արաբկիր» ԲԿ-ի ամբողջ անձնակազմին, վերականգնողական բաժանմունքի ղեկավար Լիանա Աղաջանյանին, բժիշկ Սվետլանա Գրիշինային, ֆիզիոթեպիստ Արմինե Մովսեսյանին, լոգոպեդ Լիա Սարգսյանին, էրգոթերապիստ Լիլիթ Առաքելյանին և բուժքույր Լուսինե Պողոսյանին: Ձեր գործն անգնահատելի է…»

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 23-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

vraert erexa prado

Երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել էր «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել երեխային, ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

«Մուրացան» բժշկական կենտրոն էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը հայտնաբերել էին «Toyota Land Cruiser Prado»-ն և տեղում սահմանազատել էին տարածքը։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել էր, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել էր, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել