Մամուլ

Երևանում «Prado»-ով վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։«Մուրացան» բժշկական կենտրոն են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը հայտնաբերել են «Toyota Land Cruiser Prado»-ն և տեղում սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել է, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ գուցե նրա ասածը կամ իրականություն է կամ կեղծիք։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում