Մամուլ

«Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, դրանց ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով»

«Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, դրանց ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով»

Այս մասին սեպտեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։:

«10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, որոնք նախորդ տարի օգտագործում էինք: Բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել էինք, որ այս դասագրքերը նորից բաժանեն երեխաներին, և 1 տարի հավելյալ այս դասագրքերով պարապեն:

Խոսքը հիմնականում վերաբերում է օտար լեզուների դասագրքերին, որոնք այժմ գործածվում են դպրոցներում, և վերաբերում է նաև 10-րդ դասարանի «Քիմիայի» և «Կենսաբանության» դասագրքերին, այսինքն՝ այս մասով էլ որևէ խնդիր չկա, քանի որ դպրոցներում կան դասագրքեր»,- մանրամասնել է նախարարը:

Անդրադառնալով 3 առարկաների դասագրքերին, որոնց դեպքում ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով՝ նա հայտնել է, որ դրանցից 2-ը վերաբերում են նույն առարկային՝ 7-րդ և 8-րդ դասարաններին:

«Դա «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան է, որտեղ իրականում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի պրակտիկ և գործնական միջավայրում, և այստեղ առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն ավելի շատ աջակցող է, քան առանցքային: 3 առարկաներից 1-ը, որի դասագիրքը չկա, 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է:

Քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, մենք որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք գնալ և փորձարկել հատկապես ավագ դասարաններում»,- նշել է Անդրեասյանը:

Կիսվել