Մամուլ

Մեքենան բախվել է կամարի սյանը և բռնկվել․ 34-ամյա Գևորգն ու Մարտինը մահացել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի մոտ ավտոմեքենա է այրվում ։ 

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աղավնատուն բնակավայրի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գյուղի սկզբնամասում կառուցված կամարի սյանը և բռնկվել։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն ու ավտոմեքենայում հայտնաբերել են 2 մոխրացած դի։

gevorg martin meqena

Տեղում ոստիկաներնն ու պարեկները պարզել են, որ մահացածները նույն գյուղի բնակիչներ 34-ամյա Գևորգ Սարգսյանն ու 34-ամյա Մարտին Գրիգորյան են։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մոնիկա Զաքարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

baxvel meqena

Դեպքի վայր է ժամանել նաև Խոյ խոշորացված համայնքի Աղավնատան վարչական ղեկավար Ռոման Ավետիսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Գ․ Սարգսյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել