Մամուլ

Դիմակավորված ավազակային հարձակում ՝ Դիլիջանի «Best Western Paradise Hotel» հյուրանոցում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և հափշտակել են չհրկիզվող պահարանը:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel»  հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, որտեղ պատշգամբում հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին, ու բաց դռնով մտել ներս և ձեռքին եղած դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել է, որպեսզի նա ցույց տա՝ որտեղ է գտնվում հավաքված գումարտը:

Ստահակը, դրամարկղի տեղն իմանալով, բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ:

Այդ ամենը անելուց հետո նա դարձյալ Վրեժ Հ.-ից պահանջել է, որպեսզի նա հայտնի այլ գումարի տեղ, որից հետո, տեղեկանալով չհրկիզվող փոքրիկ պահարանի տեղի մասին, «ճիվաղը» փորձել է բացել, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է չհրկիզվող պահարանը և նույն պատշգամից դուրս է եկել ու դիմել փախուստի:  

Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետի, Դիլիջանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի, ինչպես նաև փորձաքրեագետի մասնակցությամբ անտառում հայտնաբերել են գողացված չհրկիզվող պահարանը՝ փակ վիճակում:

Արդեն տեղում ադմինիստրատոր-գանձապահը բացել է չհրկիզվող պահարանը և այնտեղ հայտնաբերել են մոտ 490 հազար դրամ:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «ավազակույթուն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել