67-ամյա վարորդը ավտոբուս վարելիս հանկարծամահ է եղել. ավտոբուսում եղել են մեծ թվով աշխատակիցներ, որոնց կյանքը վարորդը փրկել է
Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա – Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ, 67-ամյա Վարուժան Ա.-ն է, ով աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում որպես վարորդ և նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում կանգառ է անում, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատանում է։
Քաղաքացիները ահազանգում են Երևանի 103 շտապօգնություն և ժամանած բժիշկների խումբը արձանագրում է վարորդի մահը։
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Արաբկիրի բաժնից փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։