Ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի
Ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի
News.am-ը գրում է․ Ես աշխարհազորային եմ, ամսի 27-ին գնալու էի սահման, ունեմ 4 երեխա, վարձով եմ ապրում 2011 թվականից. Հիմա հնարավորություն չունեմ վարձով ապրելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ 6 ամիս է, որ բնակություն է հաստատել ՊՆ նախկին շենքում:
«Եթե դու գիտես, որ շենքը վթարային է, դու քո ընտանիքը կբերե՞ս, եթե պայման ունենաս: Չես բերի: Գիշերը երեխաների հետ անցկացրել ենք այստեղ, դրսում: Հիմա մի քիչ տաքացել է, գնացել են քնելու: 14 օր պոստ եմ պահել, 14 հազար դրամ փող եմ ստացել, 120 հազար դրամ վարձ որտեղի՞ց տամ:
Ես երեկ երեխայիս տարել եմ դպրոց, հետ եմ եկել, չեմ կարողացել տուն մտնեմ, բռնել են, տարել են բաժին: Բաժնից եկել եմ, գիշերը էստեղ եմ մնացել: Առավոտյան բարձրացել եմ իմ տուն, տեսել եմ դուռը ջարդած, գործիքներս չկա: Նվեր ունեի պատից կախած՝ չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ բնակիչ կանանցից մեկը եկել է իր տուն, տեսել է, որ ոստիկանները իր տեղերի վրա պառկած են:
«Ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի»,-ասաց նա:
Քաղաքացիները նշեցին՝ ոստիկանները շատ անբարո ձևով են վարվել կանանց հետ:
Շենքի բնակիչներից մեկը, որը նաև աշխարհազորային է, նշեց՝ փետրվարի 27-ին պետք է գնա դիրքեր, ինչպես գնա, երբ իր երեխան դրսում է. «Եթե չունեմ տուն, ուրեմն չունեմ դիրք, չունեմ սահման: Ես 4 երեխա ունեմ, 26 օր դիրք եմ պահել, 14 հազար դրամ եմ ստացել, չեկը նկարել, ուղարկել եմ հրամանատարիս»:
Դիտարկմանը՝ ինչու է վարձավճարն այդքան քիչ, պատասխանում է՝ «ինչ իմանամ»:
«Երեք պատերազմ եմ անցել, հիմա տուն չունեմ, էլ ինչ սահման գնամ, ինչի համար գնամ»,- ասաց նա: