Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհերից 1498-ը գրանցվել են Թուրքիայի հարավային շրջաններում, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

«Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացած է համարվում 1498 մարդ։ Տուժել է 8533 մեր քաղաքացի, ավերված շենքերի թիվը 2834 է»,- ասել է նա։

Նա նաեւ հավելել է, որ երեկ երեկոյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի գրանցումից հետո տարածաշրջանում տեղի է ունեցել եւս 105 ստորգետնյա ցնցում։

Թուրքիայում երկրաշարժի

«Մեր ակնկալիքն այն է, որ զոհերի թիվը զգալիորեն աճելու է։ Բազմաթիվ փլուզված շենքեր կան, որոնց քանակը էպիկենտրոնին մոտենալուն զուգահեռ մեծանում է։

Բոլոր խոշոր երկրաշարժերի փորձը վկայում է, որ զոհերի թիվն ամեն մի նոր դիտարկման հետ գնալով աճում է», – հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռիկ Բրենանը։

Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։

Կիսվել