Մամուլ

Արտակարգ իրավիճակ Լանջիկ-Մաստարա ճանապարհին․ ձյան շերտը հասնում է մոտ կես մետրի․ փրկարարները ձնաբքի տակից դուրս են բերել մեծ թվով քաղաքացիների

Արտակարգ իրավիճակ Լանջիկ-Մաստարա ճանապարհին․ ձյան շերտը հասնում է մոտ կես մետրի․ փրկարարները ձնաբքի տակից դուրս են բերել մեծ թվով քաղաքացիների

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 5-ից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության մարզային մի քանի ճանապարհներ դարձել են անանցանելի, որոշ հատվածներ էլ՝ դժվարանցանելի։

ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայությունը և Պարեկային Ծառայությունը անցել են ուժեղացված ծառայության և այն իրականացնում են այն ճանապարհահատվածներում, որտեղ ուժեղ բուքը երթևեկությունը դարձրել է դժվարանցանելի, որոշ տեղերում էլ՝ անանցանելի։ 

Փրկարարներն ու պարեկները ողջ գիշեր և մինչև այժմ ուժեղացված ծառայություն են կատարում Թալին-Գյումրի ավտոճանապարհի հատվածում, քանի որ Մաստարա և Լանջիկ հատվածներում բուքն իր սև գործն է անում։ 

Հրշեջ-փրկարարներն ու Արագածոտնի մարզի և Շիրակի մարզի պարեկները ձնաբքի տակից դուրս են բերել մեծ թվով քաղաքացիների ու 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։անանցանելի հատվածներից։

lanjik mastara

Եղել են նաև ավտոմեքենաներ, որոնք խափանվել են։ Փրկարարներն ու պարեկները ուղևորներին մեծ դժվարությամբ մոտ կես մետր բարձրությամբ ձյան շերտերից դուրս են բերել, տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ, մինչև մոտեցել են քարշակները և այդ ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր։

Վարորդներն ու նրանց ուղևորներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղում Փրկարար Ծառայության փրկարարներին, Պարեկային Ծառայության Արագածոտնի և Շիրակի գումարտակների պարեկներին, ասելով․

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել թե՛ փրկարարներին, թե՛ պարեկներին, ովքեր ուժեղ բքի պայմաններում օգնության ձեռք են մեկնում ճանապարհներին մնացած անօգնական վարորդներին ու ուղևորներին։ Նրանց աշխատանքի արդյունքում համոզվում ենք, որ իրոք՝ մարդկությունը չի կորել։ Չեն նայում, թե բուքն իրենց էլ է խեղդում։ Փրկարարներն ու պարեկները անում են անհնարինը, որպեսզի բոլորս անվտանգ հասենք մեր տները։

lanjik mastara parkener

Ա՛յ եթե Լանջիկի և Մաստարի ճանապարներն սպասարկող ընկերությունները ժամանակին դուրս գային ու մաքրեին ճանապարհները ու հետո աղ ու ավազով մշակեին, էսքան չէր բարդանա վիճակը։ 

Նորից ասում էնք՝ շնորհակալություն փրկարարներին ու պարեկներին։ Նրանք գտնվեցին բարձունքում։ Ու նրանց օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ բոլորս այս պահին անվտանգ ենք ու ապահով կհասնենք մեր օջախներին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Հարություն Պողոսյանի և նույն դասակի կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանի հետ Թալին-Մաստարա հատվածում շարունակում են ուժեղացված ծառայությունը, որի արդյունքում էլ վաշտի հրամանատար Հ․ Պողոսյանն ու կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը մի քանի մայրերի և նրանց անչափահաս երեխաներին տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ, որպեսզի չցրտահարվեն, մինչև ավտոմեքենաները կարգի բերվեն։

Նույն ուժեղացված ծառայությունն են շարունակում կատարել ՀՀ ՆԳՆ ՊԾ Շիրակի գումարտակի պարեկները Լանջիկի հատվածում, քանի որ այդտեղ նույնպես ճանապարհը դժվարանցանելի է։

Տեղում աշխատանքները ղեկավարում են Պարեկային Ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։

Կիսվել էջում