Մամուլ

Պարզվել է Nissan-ի և բեռնատար գնացքի բախման հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ 3-ը կանայք են

Պարզվել է Nissan-ի և բեռնատար գնացքի բախման հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ 3-ը կանայք են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 18-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 75-ամյա Լեռուն Հարությունյանը, ով եղել է Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 67-ամյա Ռիտա Քալաշյանը, 62-ամյա Մարինե Մովսեսյանը, 71-ամյա Սուսաննա Հարությունյանը։

Պարզվել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» մեքենավարը եղել է Լոռու մարզի բնակիչ՝ 61-ամյա Միշա Մարտիրոսյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 18-ին խոշոր ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա:

gnacq meqena

Երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել էր ավտոմեքենային ու մոտ 500 մետր վարել էր գնացքը  ու կայանել:

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ եւ Հարավկովկասյան երկաթուղու նշված հատվածի աշխատակիցների հետ հատուկ տեխնիկայի միջոցով փորձում էին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, իսկ  3 ուղեւորների դիերը հայտնաբերվել էին գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում:

Օպերատիվորեն ժամանել էին նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, ովքեր նույնպես դեպքի վայրում հերթապահություն էին կատարել, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Օպերատիվորեն  ժամանել էր նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը։

Ահազանգով ժամանել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանը, քննիչներ  Արմեն Սարիբեկյանը, Գառնիկ Տոնոյանը, Վահան Այվազյանը և Հայարփի Սահակյանը:

Կիսվել