Մամուլ

Երևանում 52-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Երևանում 52-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում 52-ամյա Նորայր Սեպոյանը իր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան, Գարգեին Նժդեհ և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղա հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային էլ առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Med Line բժշկական կենտրոնի բժիշկները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը։

Կիսվել