Երևանի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Երևանի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով։ Այդ օրը տեղեկություն էր ստացվել, որ Նալբանդյան 130 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Գ. Շամշյանի տեղելություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ազատ Ն-ն, 24-ամյա Նարեկ Բ-ն իրենց ընկերների հետ, որոնց տվյաները պարզվում են, Նալբանդյան փողոցի 130 հասցեի դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Պարգև Ս-ին և նրա ընկերոջը, որի ժամանակ Պարգև Ս-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Ազատ Ն-ի և Նարեկ Բ-ի ուղղությամբ։
Ոստիկանները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Նարեկ Բ-ին և Ազատ Ն-ին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Անձնական խուզարկությամբ Ազատ Ն-ի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների անձերը պարզելու, նրանց, Պարգև Ս-ին և նրա կողմից օգտագործված ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։