Ընդդիմության այս վարքագիծը հանդուրժելը կարող է արնահեղության հիմք դառնալ. Սեդա Սաֆարյան
Ընդդիմության այս վարքագիծը հանդուրժելը կարող է արնահեղության հիմք դառնալ. Սեդա Սաֆարյան
Armtimes.com-ը գրում է․ Այն քաղաքական գործիչները, որոնք սահմանափակ թվով մարդիկ են իրենց հետևից տանում, ոչ մի լավ փոփոխություն չեն ցանկանում երկրում իրագործել, այլ զուտ իշխանափոխություն են ուզում անել:
Ստացվում է՝ ընդդիմությունը շարունակում է երկիրը քանդելու գործողությունները, և այստեղ ես որևէ ժողովրդավարություն չեմ տեսնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր համոզմունքն է հայտնում իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ նախկին իշխանությունը ջանում է հետ գալ իր երբեմնի դիրքերին:
Սաֆարյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող հերքել, որ «հաբրգածության» նախկին աստիճանն այլևս չկա, որքան նախկինների օրոք էր, և հենց դրա կարոտից է, որ նրանք դուրս են եկել փողոց:
«Փողոցում հայտնված մարդիկ երկիրն այս վիճակին հասցնողներն են: Տեսնում եմ նրանց հղփացած դեմքերը և հասկանում, որ այդ մարդիկ ուղղակի կարոտել են իրենց ապրելակերպը»,- ասում է նա:
Իրավապահները, չխախտելով մարդկանց իրավունքները, բացարձակապես քաղաքական նպատակ չհետապնդելով, զուտ արարքների իրավական որակումների համապատասխանելիությունից ելնելով, պետք է պատժիչ գործառույթ իրականացնեն, ասում է Սաֆարյանը:
Նրա համոզմամբ՝ պիտի պատժվեն բոլոր այն մարդիկ, որոնք այս օրերին քրեորեն անթույլատրելի արարքներ են կատարում:
«Այսօր շարունակվում է ընդդիմության գործունեության անպատժելի վիճակը: Բռնության կոչերը, գործնականում դրանց կիրառումը քրեական օրենսդրությամբ արգելված են: Կարծում եմ՝ ընդդեմ պետականության քաղաքականությունը պետք է արգելվի:
Իրավական համակարգը մինչ այսօր շարունակում է պաշտպանել նախկին իշխանություններին: Պետք է համարձակ քայլերի գնալ: Այսօրվա ոստիկանության մեջ բավականին զգուշավորություն կա:
Սակայն այն արարքները, որոնք կատարվում են փողոցում, և դրանք հանցավոր են, ոստիկանը պետք է նկատի ու մեկուսացնի՝ համապատասխան ապացույցներով: Եթե իշխանությունը շարունակի այս վարքագիծը, հաստատապես ասում եմ՝ արնահեղության հիմք կարող է դառնալ»,- ասում է իրավապաշտպանը:
Սեդա Սաֆարյանը վստահ է՝ փողոցում գտնվող մարդիկ արյան սիրահար են, և երբ տեսնում են՝ իրենց թույլ են տալիս 2 քայլ առաջ գնալ, իրենք 10 քայլ են առաջ գալու. «Իշխանությունը չպետք է թույլ տա, որ նրանք անգամ այդ 2 քայլը անեն, քանի որ ընդդիմության ամեն քայլի մեջ հանցագործություն կա»:
Միևնույն ժամանակ իրավապաշտպանը շեշտում է՝ կողմ չէ բռնություն կիրառելուն, ապօրինի հալածանքներին, սակայն այն մարդիկ, որոնք իրենց անպատժելի են համարում, և այդ մարդկանց վարքագիծը տարիներ շարունակ չի փոխվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում