ՄամուլՏեսանյութ

Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ. Արցախցի կինը՝ Մարուքյանի հետ կատարված միջադեպի մասին

Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ. Արցախցի կինը՝ Մարուքյանի հետ կատարված միջադեպի մասին

Երեկ  տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ստեփանակերտի շուկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի հետ թեժ զրույց ունենում մի խումբ արցախցիներ:

168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:

«Ես անձամբ մոտեցել եմ նրան, ասել՝ դու սկզբից Փաշինյանի մարդը չես եղել, կռվեցիք, իրար քացով խփեցիք Ազգային ժողովում, իրար ինչ ասես՝ ասեցիք, հիմա այդ ի՞նչ եղավ, պատճառն ի՞նչ է, որ եկել ես, գովում ես իրեն: Պաշտոն է տվել, դրա համա՞ր, ապրելու խնդիր չունես, չէ՞…»,- ասաց Սիլվա Դանիելյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանից ստացել է պատասխան՝ ուղղակի չենք ուզում պատերազմ լինի նորից, կրկին զոհեր ու ավերածություններ լինեն:

maruqyan

Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանի զրուցակիցները հարցրել են նաև՝ ինչո՞ւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի եկել, ինչո՞ւ չի հետաքրքրվում գերիների խնդրով:

«Հերիք չէ՞ր այն ամենը, ինչ բերեց Արցախի գլխին: Երեկ՝ Խրամորթը, այսօր՝ Փարուխը, ի՞նչ է լինելու վաղը: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Դա բացառված է»,- Էդմոն Մարուքյանի հետ իրենց զրույցի մանրամասները հայտնեց Սիլվա Դանիելյանը:

Ըստ նրա՝ շուկայի վերևի հատվածում իրենց զրույցից հետո, մի խումբ էլ իրենց հարցերը Էդմոն Մարուքյանին ուղղել են արդեն ներքևում:

«Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ: Մենակ էր եկել շուկա, սովորաբար, որ միշտ գալիս էր, մտնում էր շուկա, ժենգյալով հաց գնում, թթու էր վերցնում, զրուցում էր մարդկանց հետ: Այսօր ամեն անգամվա պես չէր: Ժողովուրդը վրդովված էր: Բոլորս հավաքվեցինք»,- ասաց ստեփանակերտցի Սիլվա Դանիելյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել