Գեղաձոր գյուղում տրակտորի անվադողի պայթելու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Գեղաձոր գյուղում տրակտորի անվադողի պայթելու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված, Գեղաձոր համայնքին պատկանող «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած «վալնան» (օդի ալիքը) վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները, հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր:
Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները: Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր 2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո Արագածի բժշկական կենտրոնի բժիշկները դարձյալ վերադարձել են դեպքի վայր և տեղում օգնությունն են ցուցաբերում ևս մեկ հոգու:
Հավաքվածներն ասում էին, որ այդ մեկ հոգին տանտերն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածները՝ նրա հարազատներն են: Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեսզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին օգնության ձեռք մեկնեն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ ասում էին. «Այնքան ուժգին էր պայթյունի ձայնը, մեզ թվաց, թե գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական զորամասում պայթյուն է տեղի ունեցել, բայց եկանք էստեղ, լրիվ ուրիշ պատկերի ականատես եղանք:
Անվադողի պայթյունի հետևանքով ջահել տղեն շպրտվել էր մեքենայի միջից, տան պատուհանները, դռները ճաղավանդակներն ու առաստաղը, գույքի մի մասը փշրվել ու կոտրվել էին:
Հալալ էր՝ թե՛ փրկարարներին, թե՛ բժիշկներին, թե՛ ոստիկաններին: Ահազանգից 7 րոպե անց բոլոր օպերատիվ ծառայությունները էստեղ էին: Բժիշկները եթե մի քիչ ուշանային, չգիտենք՝ ինչ էինք անելու:
Նրանց շնորհիվ վիրավորների վիճակը չբարդացավ: Մինչև հիվանդանոց տեղափոխելը, սաղին հետազոտեցին, առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, իսկ փրկարարներն ու ոսստիկաններն էլ իրենց գործը հմտորեն կատարեցին:
Գոհ ու շնորհակալ ենք բժիշկներից, փրկարարներից, ոստիկաններից: Մնում է, մարզպետարանը օգնության ձեռք մեկնի էս ընտանիքին, թե չէ իրենք միայնակ ի վիճակի չեն էս վիճակից դուրս գան»: