«Այս ակցիան անընդունելի է մի երկրում, որտեղ հեղաշրջումներ են եղել». Էրդողան
«Այս ակցիան անընդունելի է մի երկրում, որտեղ հեղաշրջումներ են եղել». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է պաշտոնաթող ծովակալների բաց նամակը։
Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանող 103 պաշտոնաթող ծովակալների նամակն անընդունելի է, բանակը չի կարող միջամտել քաղաքականությանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ մասին հայտարարել է հեռուստաուղերձում, գրում է Սպուտնիկ Արմենիան։
Ապրիլի 4-ին հրապարակվել էր 103 պաշտոնաթող թուրք ծովակալների` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատող նամակը։ Նրանք Մոնտրյոյի կոնվենցիան անվանել էին Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում է երկրի սուվերեն իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ։
Հայտարարել էին, որ այդ համաձայնագրի վերանայման հարցի քննարկումն անընդունելի է, շեշտել էին, որ պետք է պահպանել Թուրքիայի գործող սահմանադրությունը, մինչդեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայր օրենքը նոր մշակման կարիք ունի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ձերբակալել է նամակը ստորագրած 10 ծովակալի։
Ըստ թուրքական լրատվամիջոցների` հայտարարությունն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։
«Գիշերվա կեսի այդ ակցիան անընդունելի է մի երկրում, որտեղ ռազմական հեղաշրջումներ են եղել։ Ոչ մի պաշտոնաթող զինվորական չի կարող միջամտել քաղաքական թեմաներին։ Դա կապ չունի խոսքի ազատության հետ։ Եթե նրանք նույնիսկ ծովակալներ լինեն, նրանք իրավունք չունեն զրպարտելու մեր քաջարի բանակին», – ասել է Էրդողանը։
Մոնտրյոյի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, բոլոր երկրների առևտրային նավերի համար նեղուցներով անցնելու ազատություն է տալիս ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում:
Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է Սևծովյան և ոչ սևծովյան պետությունների նկատմամբ։ Ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար զգալի սահմանափակումներ են մտցվել ըստ դասի և գտնվելու ժամկետի: