Մամուլ

«Ծաղկաձորում ուրիշ հարցով եմ եղել». Ովքե՞ր են եղել «Ռոյալ» խաղատան կրակոցների կիզակետում

«Ծաղկաձորում ուրիշ հարցով եմ եղել». Ովքե՞ր են եղել «Ռոյալ» խաղատան կրակոցների կիզակետում

Hraparak.am-ը գրում է․ Երեկ տեղեկություն տարածվեց, որ նախօրեին գիշերը ուշ ժամի կրակոցներ են հնչել Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ, որտեղ ներկա է եղել հանրապետության քաղաքապետերից մեկը: Ըստ տեղեկության` իրավապահները այդ քաղաքապետին են փնտրում, որը դեպքի վայրից հեռացել է:

Hraparak.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից: Մեզ ասացին` նշված քաղաքապետը Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն է եղել, որը, սակայն, կրակոցների հետ կապ չի ունեցել, պարզապես խաղատանն է եղել, և կրակոցներից հետո արագ հեռացել է, որ իր անունը չկապվի միջադեպի հետ: 

Իսկ միջադեպի կիզակետում, ասացին, իշխանությունների մերձավոր կրիմինալ դեմքերից մեկն է եղել, քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը` Չաղ Ռուստամը: Վերջինս որոշ ժամանակ առաջ էլի էր կրակոցների կիզակետում հայտնվել: Տուժողներ չկան, ասացին` կրակոցներից հետո ինչ-որ անձինք մեքենան թողել փախել են անտառ:

Նախնական տեղեկությամբ` միջադեպի հիմքում հին վեճ է եղել, և Ռուստամն ու մյուս կողմը պատահաբար հանդիպել են խաղատանն ու հիշել հին հաշիվները:

Թեմայի վերաբերյալ կապ հաստատեցինք Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ: Վերջինս հարցը լսելուն պես`զարմացավ. «Էդ ո՞վ է ասողը, ով որ տենց բան է ասել, զանգեք իրեն, խի՞ եք ինձ զանգել»: Ապա հավելեց` չկա նման բան:

krakocner

Երբ նկատեցինք, որ մեզ ասել են` ինքը կրակոցների պահին ներկա է եղել խաղատանը, հետո հեռացել է, Արթիկի քաղաքապետը նորից զարմացավ. «Ո՞նց թե՝ Դուք ներկա եք եղել, հետո հեռացել եք: Ասում եմ` չկա նման բան»:

Հարցրինք` Ծաղկաձորում չի՞ եղել այդ օրը: «Ծաղկաձորում ուրիշ հարցով եմ եղել»,-հաստատեց Վարագյանը:

Իսկ տվյալ խաղատանը եղե՞լ է:

«Ասում եմ` չէ, ես ընդհանրապես տեղյակ չեմ էդ միջադեպից, հիմա էլ զբաղված եմ»,-հարցը ցրեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:

Կիսվել