Կոտայքի մարզպետարանը դե ֆակտո ղեկավարում է Սասուն Միքայելյանի դուստրը․ «Հրապարակ»
Կոտայքի մարզպետարանը դե ֆակտո ղեկավարում է Սասուն Միքայելյանի դուստրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետարանի կայքում զետեղված տեղեկության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդականի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա:
Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, մեկի փոխարեն՝ երկուսը: Նրանցից մեկը, մեզ ասացին, «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրն է՝ Սաթենիկ Միքայելյանը: Կոտայքի մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը մեզ ասաց՝ մարզպետը երկու օգնական ունի, մեկը Ավետիք Մեսրոպյանն է, մյուսը՝ Սաթենիկ Միքայելյանը:
Մեսրոպյանն էլ, Միքայելյանն էլ նոր են նշանակվել մարզպետի օգնականներ, այսինքն՝ Մեսրոպյանի գալուց հետո, ի դեպ, չի բացառվում՝ Ավետիք Մեսրոպյանն էլ Մեսրոպ Մեսրոպյանի հարազատը լինի, թեպետ՝ խոսնակն ասաց, որ, իր տեղեկությամբ, մերձավոր ազգակցական կապ չունեն, բայց Մեսրոպյանն է նրան նշանակել օգնական:
«Սաթենիկ Միքայելյանը նոր չէ մարզպետարանում, 2018 թվականից է աշխատում, մինչև դա քարտուղարության բաժնում է աշխատել, իսկ մարզպետի օգնական նշանակվել է օրերս՝ անցած շաբաթվա ընթացքում: Նա հիմնականում զբաղվում է «Մալբըրի» համակարգով»,- ասաց խոսնակը: Իսկ թե ինչու օգնականների անունները չկան մարզպետարանի կայքում, Պողոսյանն ասաց՝ պատճառը տեխնիկական է, կենսագրությունները պետք է տան, որ տեղադրեն, հնարավոր է՝ վաղը տան, մյուս օրը տեղադրեն:
Մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մեսրոպյանի՝ մարզպետ դառնալուց հետո մարզպետարանը փաստացի ղեկավարում է Սաթենիկը՝ Սասուն Միքայելյանի դուստրը, որը նոր է նշանակվել այս պաշտոնին: Միքայելյանի դուստրն է զբաղվում մարզպետարան ելումուտով՝ ով գնաց, ինչ արեց, ով մտավ մարզպետի մոտ, ով կարող է մտնել, կարճ ասած՝ մարզպետարանի ստվերային ղեկավարն է:
Սրանով, ըստ էության, իրականացավ Սասուն Միքայելյանի ցանկությունը՝ Կոտայքի մարզն ու մարզպետարանն ամբողջությամբ անցան իր տիրապետության տակ: Իր թիվ մեկ թշնամուն՝ Ռոմանոս Պետրոսյանին նախարար ուղարկելուց հետո նա կարողացավ իր մտերիմին դարձնել մարզպետ, որն ինքնուրույն որևէ բան չի որոշում, իր դստերն էլ ձևակերպեց որպես մարզպետի օգնական, որ դե ֆակտո հենց ինքը կառավարի Կոտայքի մարզը:
Եվ քանի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Ծառուկյանի ազդեցությունը մարզում զրոյացնելն էր, իսկ դա Սասունից բացի ոչ մեկը չէր կարողանա անել, սա երկուստեք փոխշահավետ գործարք է վարչապետի և իր կուսակցի միջև:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետն էլ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: Նրանից, ի դեպ, հրազդանցիները դժգոհ չեն, հատկապես նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի ֆոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում