Մամուլ

Ինչ նոր անակնկալ է պատրաստում Մոսկվան Հայաստանի համար

Ինչ նոր անակնկալ է պատրաստում Մոսկվան Հայաստանի համար

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

Այս հարցի լուծումը, հնարավոր է, չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է», ասել է ՌԴ դեսպանը:

Ստացվում է ՌԴ նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները չեն կարողանում արագ լուծել այդ հարցը։ Չեն կարողանո՞ւմ, թե չեն ցանկանում։ Իհարկե, կարող են ասել, որ դա իրենց գործը չէ, սակայն եռակողմ հայտարարությունից հետո տրամաբանական չէր լինի պահանջներ դնել միայն հայ կառավարության առաջ, որն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ոչ թե եռակողմ հայտարարության կողմ է, այլ ռուս-թուրքական համաձայնությունների օբյեկտ ու կամակատար։

pashinyan putin

Դեսպանի հայտարարությունն այս առումով տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու Կրեմլի որոշման տրամաբանության մեջ, գերիների մասով նրա վրայից ճնշումը որոշակիորեն հանելու, եւ նաեւ ռուսական «փրկչական» կերպարը պահելու համար։

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ գերիների առկայությունը նոյեմբերի 9-ից ի վեր լծակ է ռուս-թուրքական տանդեմի համար՝ հայ հանրային կամքը ճնշելու, անզորության զգացում արմատավորելու, որոշումներ պարտադրելու համար, մյուս կողմից՝ ռուս-թուրքական առեւտրի առարկա «որոշակի տարաձայնությունների» դեպքում։ Պատահական չէր Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը, որ իր որեւէ պատասխանն Ալիեւին կարող է այդ գերիների կյանքն արժենալ։

Այս առումով, հիշատակման արժանի է արդեն եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի հայկական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի պաշտպանների զինաթափումն ու գերեվարումը, որը ոչ միայն այդ փաստաթղթի առաջին կետի խախտում էր, այլեւ ինչպես պարզվեց հետագայում՝ համատեղ իրականացված գործողություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում