ՄամուլՏեսանյութ

Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)

Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը:

«Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների ցուցակը, գերիների տեղը միասին»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանով նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց կատարած հանցագործությունը:

Դավիթ Շահնազարյան

«Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռազմագերիների թվի մասին է, որը, չգիտես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք: Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանատու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք: Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում:

Այս թվերը չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հանցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասաց նա:

Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարության փաստին, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է վերջինիս գերի լինելու փաստը, ուստի դրա համար է բացառություն անում. ուրիշ որևէ գերու մասին այս պահին դեռ ոչինչ չի հրապարակում:

հայ գերիներ

«Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առևանգվել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բանտը: Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով:

Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, որ պահանջում է իշխանություններից հրապարակել անհետ կորածների և գերիների միասնական ցուցակը:

Մանրամասները՝ 168.TV-ի տեսանյութում

Կիսվել