67 համարի ավտոբուսում ուղևոր է մահացել, իսկ բուժօգնության ընթացքում ինքնաբերաբար շարժված ավտոբուսը բախվել է շտապօգնության մեքենային
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, թիվ 27 հասցեի դիմաց, թիվ 67 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փորձել բուժօգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
Երբ շտապօգնության բժիշկները քաղաքացուն առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է առաջ և բախվել շտապօգնության «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։
Քաղաքացու մահվան դեպքով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը, իսկ վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են վարորդների ինքնությունը։


