Մամուլ

Քոչարյանին ազատ արձակած դատավորը 2014-ին 83 մլն դրամի անշարժ և շարժական գույք է նվիրատվություն ստացել

Քոչարյանին ազատ արձակած դատավորը 2014-ին 83 մլն դրամի անշարժ և շարժական գույք է նվիրատվություն ստացել։ Մայիսի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց Արցախի նախկին եւ գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ։ «Հայկական ժամանակ»-ը ուսումնասիրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի ներկայացրած հայտարարագրերը՝ 2013 թվականից սկսած։

Դավիթ Գրիգորյանը 2013 թվականի մարտի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2014 թվականի մարտի 7-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի հայտարարագիրը։ Ըստ դրա՝ Գրիգորյանն այդ շրջանում ունեցել է 1 հասարակական նշանակության շինություն, 17 մլն 540 հազար դրամ եւ 6 մլն 440 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

2015 թվականի փետրվարի 11-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2014 թվականի տարեկան հայտարարագիրը։ Դրանից պարզ է դառնում, որ Գրիգորյանը 2014 թվականի ընթացքում ձեռք է բերել 2 անշարժ գույք՝ 1 բնակարան 70 մլն 560 հազար դրամի չափով եւ 1 այգետնակ 4 մլն 800 հազար դրամի չափով։

2014-ի ընթացքում Գրիգորյանը ձեռք է բերել նաեւ 1 ավտոմեքենա «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի՝ 7 մլն 680 հազար դրամի չափով։

2014-ի սկզբում Գրիգորյանի ունեցվածքը կազմել է 13 մլն 120 հազար դրամ, իսկ տարեվերջում այն դարձել է 13 մլն 675 հազար դրամ։

2014 թվականի հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 5 մլն 234 հազար 370 դրամի չափով եկամուտ, որից 320 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 4 մլն 914 հազար 370 դրամը գոյացել է աշխատավարձից։ Գրիգորյանը նաեւ նշել է, որ տարվա ընթացքում ձեռք բերված բնակարանը, այգետնակը եւ ավտոմեքենան նվիրատվության կամ օգնության կարգով է ստացել։

2016 թվականի փետրվարի 15-ին Գրիգորյանը ներկայացրել է իր 2015-ի տարեկան հայտարարագիրը։ 2015 թվականի տարեսկզբին Գրիգորյանն ունեցել է 13 մլն 675 հազար դրամ, իսկ տարեվերջին այն դարձել է 15 մլն 200 հազար դրամ։ 2015-ին Գրիգորյանն ունցել է ընդհանուր 4 մլն 914 հազար 370 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

2016 թվականին Գրիգորյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2016 թվականի հունվարի 27-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք եւ 1 այգետնակ։ Որպես շարժական գույք հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի։ Նրա դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 15 մլն 200 հազար դրամ։

2017-ի փետրվարի 10-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2016-ի տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդ հայտարարագրի՝ Գրիգորյանը տարեսկզբում ունեցել է 15 մլն 200 հազար դրամ, իսկ տարեվերջում այն նվազել է՝ դառնալով 1 մլն 800 հազար դրամ: 2016 թվականի հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 7 մլն 110 հազար դրամի չափով եկամուտ, որից 350 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, իսկ 6 մլն 760 հազար դրամը՝ աշխատավարձից։

2018 թվականի մարտի 27-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը։ Գրիգորյանի՝ տարեսկզբում ունեցած 1 մլն 800 հազար դրամը տարեվերջում դարձել է 3 մլն դրամ։ Հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 7 մլն 360 հազար դրամի չափով եկամուտ, որից 600 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 6 մլն 760 հազար դրամը՝ աշխատավարձից։

2019 թվականի ապրիլի 11-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ Գրիգորյանը տարեսկզբում ունեցել է 3 մլն դրամ, իսկ տարեվերջում այն դարձել է 5 մլն 100 հազար դրամ։

2018 թվականի հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 9 մլն 691 հազար 999 դրամի չափով եկամուտ, որից 600 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 2 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 7 մլն 91 հազար 999 դրամը գոյացել է աշխատավարձից։

Դավիթ Գրիգորյանի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը, ամուսնու հետ զուգահեռ՝ յուրաքանչյուր տարի ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։ 2014 թվականի փետրվարի 13-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ դրան նախորդող՝ 2013 թվականի տարեսկզբում Հովհանիսյանն ունեցել է 800 հազար դրամ, որը տարեվերջում չի եղել։ Հարկային տարում Հովհանիսյանն ունեցել է 732 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

2015 թվականի փետրվարի 11-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2014 թվականի տարեկան հայտարարագիրը։ 2014-ին Հովհանիսյանն ունեցել է միայն եկամուտ՝ 732 հազար դրամի չափով, որը գոյացել է աշխատավարձից։

2016-ի փետրվարի 15-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2015-ի տարեկան հայտարարագիրը։ 2015-ի տարեսկզբում Հովհաննիսյանը միջոցներ չի ունցել, իսկ տարեվերջում ունեցել է 200 հազար դրամ։ Հովհաննիսյանը հարկային տարում ունեցել է 732 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

2017 թվականի փետրվարի 10-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2016-ի տարեկան հայտարարագիրը։ 2016-ի ընթացքում Նարինե Հովհաննիսյանը ձեռք է բերել 27 մլն 200 հազար դրամ արժողությամբ բնակարան։

2016-ի տարեսկզբում Հովհաննիսյանի ունեցած 200 հազար դրամը տարեվերջում դարձել է 180 հազար դրամ։ 2016-ի հարկային տարում Հովհաննիսյանն ունեցել է 732 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

2018 թվականի մարտի 29-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Տարեսկզբում Հովհաննիսյանի ունեցած 180 հազար դրամը տարեվերջում դարձել է 200 հազար դրամ։ Իսկ տարեկան եկամուտը կազմել է 732 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից։

2019 թվականի ապրիլի 11-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Տարեսկզբում Հովհաննիսյանի ունեցած 200 հազար դրամը տարեվերջում դարձել է 600 հազար դրամ։ Իսկ հարկային տարում Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն 704 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով