Մամուլ

Քիչ առաջ Երևանում պարեկները կանխել են «Ավարայրի ճակատամարտը»․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուքը, իսկ ինչպես նշում էին քաղաքացիները «Ավարայրի ճակատամարտը»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միչև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։

Պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ կարողանում են վիճաբանություն ծեծկռտուքի մասնակիցներից 3-ին բռնել ու քանի որ նրանց վրա հայտնաբերվում են արնանման հետքեր ու մարմնական  վնասվածքներ պարեկներն իրենց ծառայողական  ավտոմեքենայում պահվող դեղատուփերից անհրաժեշտ բժշկական պարագաներն օգտագործելով օգնություն են ցուցաբերում։

Ապա ահազանգով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց օգնություն են ցուցաբերում և տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կարճ ժամանակ անց պարեկները նշված վայրում նկատում են վիրավոր ևս 2 քաղաքացու, որոնց նույնպես օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեկ այլ խումբ օգնություն են ցուցաբերում այդ քաղաքացիներին և նրանց նույնպես տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները, ովքեր տեղում պարեկների հետ ռեստորանային համալիրի «կուպեներից» մեկում, ապա դրսում և փողոցի տարբեր հատվածներում հայտնաբերում են դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, որոնց վրա առկա է արնանման հետքեր, բիտա, որի վրա նույնպես առկա էին արնանման հետքեր թմրանյութին նմանվող զանգված և կաթոցիչ։ 

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մեզ համար հանգիստ կանգառում ավտոբուսի էինք սպասում, մեկ էլ տեսանք էդ ռեստորանից մի քանի ջահելներ իրար հայհոյելով, մեկը մեկին հարվածելով վազում էին այս ու այն կողմ։ Լրիվ մարտաֆիլմ հիշեցնող կինո էր։

Բայց ուրախացանք, երբ տեսանք, որ րոպեների ընթացքում պարեկները հասան ու մի քանիսին բռնեցին։

Հետո տեսանք, որ պարեկները իրանց ավտոյի միջից «ապտեչկայում» եղած բինտ ու բամբակ էին հանել ու վիրավորներից մի քանիսին օգնություն էին ցուցաբերում, իսկ հետո շատ արագ «սկոռիները» եկան ու 5 հոգու տարան հիվանդանոց։

Եթե պարեկները մի քիչ ուշանային, էստեղ ոչ միայն Ավարայրի ճակատամարտն էր լինելու, այլ գալու էիք մահացածներին նկարեիք։ Հալալա է պարեկներին, շտապօգնության բժիշկներին ու Էրեբունու ոստիկաններին։ Թե չէ էդ ջահելներից մի քանիսը մեռնելու էին»։

Կիսվեք ձեր էջում