Ազատ խոսք

Փաստորեն, իրենց համար այդ դիմակն ընդամենը ինչ-որ «գեղեցկության պարագա» է․ Կարեն Վրթանեսյան

Փաստորեն, իրենց համար այդ դիմակն ընդամենը ինչ-որ «գեղեցկության պարագա» է։

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարետատունը պահանջում է դրսում՝ բաց տարածքներում, դիմակ կրել։ Բացատրություն, թե ինչու է դա պետք, չեմ տեսել։ Ի դեպ, ես համարում եմ, որ այս իրավիճակում դրսում դիմակ կրելն իսկապես ճիշտ է։

Այս պահին էական չէ, թե ինչու եմ այդ կարծիքի, կարևորը որ դրա անրաժեշտությունը բնակչությանը պաշտոնապես չի բացատրվել:

Բայց հարցը հետևյալն է. եթե մարդիկ փողոցում, բաց տարածքներում պետք է դիմակներով պաշտպանվեն, ապա ի՞նչ տարբերություն բացօթյա սրճարաններում նստելուց։ Ավելի վատ, մարդիկ այնտեղ իրար շատ ավելի մոտիկ են նստում քան փողոցում քայլելիս և իրար հետ զրուցում են։

Մի քանի օրում արդեն 3 տարբեր տեսանյութ ու լուսանկար է հրապարակվել, որտեղ պարետը և արդարադատության նախարարը սրճարաններում առանց դիմակ լռված են։ Ավելին, իրենց պահվածքը և պատասխանները վկայում են այն մասին, որ իրենք այսքանից հետո ո՛չ իրավիճակն են պատկերացնում, ո՛չ գիտեն դիմակ ճիշտ կրելու ձևերը։

Ասում են. «Հանրային սննդի օբյեկտներում առանց դիմակ նստելը թույլատրվում է, ի՞նչ եք մեզնից ուզում»։ Ու թքած, որ զուտ տրամաբանորեն՝ իրար դեմ-դիմաց, իրար ընդամենը 70–80 սմ հեռավորության վրա առանց դիմակ նստել-շփվելն ավելի վտանգավոր է, քան փողոցում քայլելը։

Կամ, օրինակ՝ ամենաթարմ տեսանյութում, Բադասյանն արդարանալով սեղանից դիմակն է վերցնում, թե բա էս ա դիմակս։ Սրճարանի սեղանից, ընդ որում առանց իր ձեռքերն էլ ախտահանելու…:

Բազմիցս ասվել է. ավելի լավ է դիմակ չունենաս, քան կեղտոտ դիմակը քաշես քիթ-մռութիդ։

Փաստորեն, իրենց համար այդ դիմակն ընդամենը ինչ-որ «գեղեցկության պարագա» է, դուխով կեպկի պես, որ պիտի հագնես, որ ցույց տաս, որ վիրուսի դեմ պայքարող տղա ես։ Դուք պահանջում եք, որ մարդիկ դիմակ կրեն, բայց ինքներդ կամ չեք հասկանում, թե ինչու են դրանք պետք, կամ ուղղակի թքած ունեք։

Հենց այս բառադիության, տգիտության, անպատասխանատվության պատճառով եք համաճարակը բերել-հասցրել աղետի աստիճանի։ Դուք չեք պայքարում վիրուսի դեմ, դուք ընդամենը պայքար եք բեմադրում։ Հենց հավատարիմ լրատվականների տեսախցիկներն անջատվում են, արդեն կարելի է դիմակը հանել, գնալ սրճարանում լռվել։

Ու շատ ճիշտ է ասում վերջին տեսանյութի հեղինակը. եթե՝ ըստ ձեզ, երկրում պատերազմ է, ապա պատերազմի ժամանակ ի՞նչ գործ ունի բարձրաստիճան հրամանատարը սրճարանում, այլ ոչ թե՝ խրամատում»:

Կիսվել էջում