Մամուլ

Փաստաբանը կարծում է, որ պետք է պատժվեն նաև որդեգրողները

Փաստաբանը կարծում է, որ պետք է պատժվեն նաև որդեգրողները։

«Հրապարակ»-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանը, երեկ քննարկելով գրավի կիրառման դեմ դատախազության բողոքը, բավարարեց միջնորդությունը եւ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Կարապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ծնողից ապօրինի բաժանելու եւ պաշտոնեական կեղծիքի մեջ։ Լուրեր են տարածվում, թե Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին եւս կալանավորելու են։ Նրա նկատմամբ դատարանը կալանք չէր կիրառել՝ «հիմնավոր կասկածի բացակայության» հիմքով։

Չնայած Քննչական կոմիտեն պարբերաբար տվյալներ է հաղորդում ապօրինի որդեգրումների գործի քննության ընթացքի մասին, սակայն այն շարունակում է մնալ ամենախորհրդավորը։ Հայտնի է միայն, որ ապօրինի գործարքները կատարվել են 2016-2018 թվականներին, որ երեխաները 3 տասնյակից ավելի են, նրանք առողջ են եղել, բայց որդեգրվել ու տարվել են Իտալիա, որպես հիվանդ երեխաներ։ 

Հունվարի 17-ին ՔԿ թրաֆիքինգի վարչությունը հայտնեց, որ քրեական գործի քննության ընթացքում արտերկրից որդեգրված որեւէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:

«Քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռեւս չի նշանակվել որեւէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն»։ Կարելի է հասկանալ, որ երեխաները պարզապես չկան, կամ քննչական մարմնի համար նրանք հասանելի չեն։

Գլխավոր հարցին, թե որտեղ են ապօրինաբար որդեգրված 30-ից ավելի երեխաները, ո՞ղջ են արդյոք, ի՞նչ քննչական գործողություններ են նրանց հետ իրականացվել՝ ՔԿ-ն պաշտոնական պատասխան այսօր էլ չի տալիս։ Արդարադատության նախարարությունն է որոշ չափով բավարարել հանրության հետաքրքրությունը, «Հայկական ժամանակին» տրամադրելով ապօրինի որդեգրվածների ստույգ թիվը՝ 37։

«37 երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանքների «ախտորոշում» հատվածում միայն 2 երեխաների առողջական վիճակի մասին տեղեկանքներն են պարունակում «պրակտիկ առողջ» բառակապակցությունը: Առողջական վիճակի մասին բոլոր այլ տեղեկանքներում դրանք բացակայում են»,- հայտնել են նախարարությունից։

Գաղտնիությունը, որով պատել են անձնական տվյալներին առնչվող այդ վարույթը, բազմաթիվ խոսակցություններ է ծնում։ Օրինակ, որ յուրաքանչյուր որդեգրված երեխայի համար արտասահմանցի «կլիենտները» մեծ գումարներ են վճարել, որոնցից հասել է ե՛ւ հիվանդանոցին, ե՛ւ մանկատանը, ե՛ւ սոցապնախարարությանը, ե՛ւ արդարադատության նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ այն մայրիկներին, որոնք հրաժարվել են իրենց երեխաներից։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը տուժած մայրերի թվից վստահորդ ունի, չի բացառում, որ եղել են նման դեպքեր։ Սակայն, ըստ փաստաբանի, մայրը չի իմացել, որ այդ գումարը տրվում է որպես իր երեխայի որդեգրման վճար։ «Մենք ունենք մեկ հոգու հայտարարություն, որին ասել են՝ երեխադ մահացած է, ու միաժամանակ տվել են 1 մլն դրամ։

Այն ժամանակ նա մտածել է, որ այդ գումարը տալիս են որպես պետական վճար երեխան կորցրած մորը։ Մյուսներին գումար չեն տվել, բայց ունենք ծնողներ, ում համոզել են երեխաներից հրաժարվել»,- ասում է նա։ Սարգսյանը տեղյակ չէ, թե արդյոք այդ կանայք, որոնց շահերն ինքը ներկայացնում է, գործով անցնող 37 ապօրինի որդեգրված երեխաների թվո՞ւմ են, թե՞ ոչ։ Դատախազության մեր աղբյուրը վստահեցնում է, որ Սուսաննա Սարգսյանի պաշտպանյալներից մեկը տուժող է ճանաչվել հենց այս գործի շրջանակում։

Փաստաբանը պատմում է, որ իր պաշտպանյալներից մեկը կարծում էր, թե իր երեխան մահացած է, իսկ հիմա կասկածներ ունի, որ երեխային ապօրինի որդեգրման են տվել։ Քննիչները ծնողին ցույց են տվել երեխայի դիակի լուսանկարը՝ կոշիկի տուփի մեջ դրված։ Լուսանկարը վերցված է եղել դատաբժշկական փորձաքննությանը կցված լուսանկարչական հավելվածից։ Սակայն ծնողը երեխային չի ճանաչել։

«Այդ նկարները տեսնելուց հետո նրանք առավել եւս համոզմունք ունեն, որ կոշիկի տուփով հուղարկավորված երեխան, որին հրամցրել են քննիչները, իրենց երեխան չէ»,- ասում է փաստաբանը։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորածնի դեմքը հստակ հիշել, որը տեսել ես կարճ ընթացք, ծննդաբերության ցավերից հետո, փաստաբանը պատասխանեց․ «Օրինակ, ես իմ նորածին երեխային ոչ մեկի հետ չէի կարող շփոթել։ Հիմա մամաներ կան, որ ասում են՝ դե, նորածինները բոլորն իրար նման են, ես զարմանքով եմ նայում, քանի որ ոչ մի մոր համար իր երեխան չի կարող մյուսին նման լինի»։

Փաստաբանը բարձրացնում է արդարադատության նախարարարության, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող կառույցների պատասխանատվության հարցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով