Տիգրան Արզաքանցյանը սնանկ է ճանաչվել․ հայտնի են մանրամասները
Սնանկության դատարանը Տիգրան Արզաքանցյանին ճանաչել է սնանկ․ գործը քննվում էր շուրջ 4 տարի
Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը որոշում է կայացրել սնանկ ճանաչել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին։
Հիշեցնենք, որ Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով դատական գործընթացը ներպետական դատարաններում քննվում էր արդեն շուրջ 4 տարի։ Հայցով դատարան էր դիմել գործարար Սմբատ Նասիբյանը՝ հիմք ընդունելով 2013 թվականի հոկտեմբերի 7-ի միանձնյա արբիտրաժային տրիբունալի վճիռը։
Ըստ այդ վճռի՝ Սմբատ Նասիբյանի օգտին ճանաչվել էր «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի 20 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքը՝ Տիգրան Արզաքանցյանին տրամադրված 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլար փոխառության դիմաց։
Բացի այդ, որոշվել էր բռնագանձում տարածել նաև Տիգրան Արզաքանցյանին պատկանող դրամական միջոցների և այլ գույքի վրա՝ 965 հազար 260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք գումարի չափով։
Նշենք, որ դեռևս 2022 թվականի սեպտեմբերին Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը ևս Արզաքանցյանին սնանկ էր ճանաչել, սակայն գործը հետագայում բողոքարկվել էր տարբեր դատական ատյաններում և կրկին վերադարձվել Սնանկության դատարան։



