ԺամանցՇոու-բիզնես

«Տարեցտարի մոտենում ենք 40-ին, դա վախեցնող է». Գրիգոր Դանիելյանի տարեդարձն ու կարևոր ձեռքբերումը

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն երեկ տոնում էր 35-ամյակը: Տոնական օրը նա նշեց ընտանիքի ու գործընկերների հետ: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է սկսվել օրն ու առանձնացրել անցնող տարիների ձեռքբերումները:

Տարեդարձի առթիվ առաջին շնորհավորանքը Գրիգորը ստացել է ընտանիքի անդամների կողմից. «Մեծ տղաս չէր քնել, որ 12-ին ինձ շնորհավորի: Ես էլ աշխատանքից ուշ վերադարձա: Ինձ դիմավորեցին փոքրիկ տորթով, փչեցի մոմերն ու երազանք մտապահեցի: Մի խոսքով, օրս սկսվեց այնպես, ինչպես հոբելյարների զգալի մասինը, որևէ առանձնահատուկ բան չենք արել»:

Նա նկատեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ, հստակ պայմանավորվել են միմյանց անակնկալներ չանել: Ի դեպ, օրեր անց՝ հունվարի 19-ին, երգչուհու տարեդարձն է:

«Մենք ամեն տարի որոշում ենք այս շրջանում երկրից դուրս գնալ մի քանի օրով և նշել մեր տարեդարձերը, բայց աշխատանքի բերումով չենք կարողանում: Միգուցե, մյուս տարի կարողանանք: Այս տարի պայմանավորվել ենք իրար անակնկալ չանել և գնալ մի տեղ, նշել ծննդյան օրը»,-ասաց Գրիգորը:  

grigor danielyan

Նա նշեց, որ նվերներ դեռ չի ստացել, փոխարենը՝ բազմաթիվ շնորհավորանքներ ծանոթ ու անծանոթ մարդկանցից: Գրիգորի տարեդարձի օրը համընկնում է Շնորհակալության միջազգային օրվա հետ, ուստի դերասանը նկատեց, որ օգտվելով նաև այդ առիթից բոլորին կհայտնի իր շնորհակալությունը:

Դերասանի խոսքով, թեև տարեդարձը յուրաքանչյուրի կյանքում ուրախալի ու հիշարժան օր է, ևս մեկ տարով մեծանալը փոքր-ինչ տխրելու առիթ է տալիս իրեն. «Տարեցտարի մոտենում ենք 40-ին, դա վախեցնող է, որովհետև կյանքիդ երրորդ տասնամյակն է կիսվում: Կարելի է  ասել և՛ ուրախալի է, և՛ տխուր, որովհետև մեծանում ենք: Իհարկե, ավելի կարևոր է, որ առողջ լինենք, գործի մեջ հաջողակ և մեր երեխաների համար լավ ապագա ապահովենք»:

Ամփոփելով անցնող տարին` Գրիգորը նկատեց, որ 34 տարեկանը հետաքրքիր ու աշխատանքային իմաստով ձեռքբերումների տարիք էր: Դերասանը մեծ սպասումներ ունի նաև 35-ից:

«Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ մեծ ձեռքբերումներ եմ ունեցել: Իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն ընտանիքս է, որն ունեմ արդեն 10 տարի, իմ երկու որդին: Չեմ խոսի նյութական ձեռքբերումների մասին, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, չենք բողոքում, բայց ես դա այդքան չեմ կարևորում: Բնական է, դա արվում է, որպեսզի բարեկեցիկ ապագա ապահովենք մեր երեխաների համար, որպեսզի իրենք մեծանան ու չմտածեն, թե որտեղից փող ճարեն, աշխատեն, ավելի շատ ստեղծագործ մարդ լինեն, պիտանի դառնան մեր հասարակության ու, առհասարակ, մարդկության համար»,- եզրափակեց դերասանը:

Կիսվել նյութով