Մամուլ

Վաղը մի խումբ նախկին քաղաքական գործիչներ կերաշխավորեն Քոչարյանին ազատ արձակելու համար

Վաղը մի խումբ նախկին քաղաքական գործիչներ կերաշխավորեն Քոչարյանին ազատ արձակելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Քոչարյանի ազատության հանձնախումբը:

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարան։

Ինչպես նաև, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հայտարարության մեջ հորդորում են վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։

Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ պատրաստվում է նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը Քոչարյանին ազատ արձակելու համար։

Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Քոչարյանին։

Կիսվել էջում