ԱշխարհՏեսանյութ

ՌԴ-ում հայ է սպանվել. կադրեր դեպքի վայրից (Տեսանյութ)

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում․ ՌԴ-ում հայ է սպանվել։

Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Նախկինում նա ունեցել է կոնֆլիկտ այն ընկերախմբի հետ, որի մեջ ներգրավված էր Գյումրի քաղաքից սերված Երեմ Գևորգյանը:

Ակումբի ներսում շփման ընթացում տղաները դադարեցրել են անհամաձայնությունները, թվում էր՝ բոլոր հարցերը փակված են: Ավելի ուշ, երբ Երեմը և նրա զարմիկը ծխել են հաստատության մուտքի մոտ, նրանց վրա հանկարծակի հարձակվել է նշված քաղաքացին: Հարվածների տարափի հետևանքով Երեմը ընկել է և ստացել կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածքներ:

Ըստ նախնական տվյալների՝ իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժող կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նա կարող է ազատ արձակվել, քանի որ նախկինում ցուցակագրված է եղել ՆԳՆ կառույցներում:

Այս պահին հարազատներին արդեն տեղեկացրել են, որ հնարավոր է, որ այս դեպքում կիրառվի Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածը ՝ «Անզգուշությամբ մահը պատճառելը»:

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել և գրել. «Ես խնդրում եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը  վերահսկել հետաքննության ընթացքը, որպեսզի կասկածյալը հնարավորություն չունենա օրենքի ողջ խստությամբ պատժից խուսափելու»:

Կիսվել նյութով