Մամուլ

ՌԴ-ն հայտարարել է ՀՀ-ի համար ԵՄ-ին անդամակցելու ճանապարհի ռիսկերի մասին․ ի՞նչ է սպասվում

Անհրաժեշտ է տարանջատել հայ ժողովրդի շահերն ու հանրապետության ղեկավարության որոշումները։ Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը կարող է երկիրը հասցնել լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հայտարարում է Եվրամիությանը ինտեգրվելու ձգտման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության առավելությունները պահպանելու ցանկության մասին։ Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին միջանկյալ փուլ օգտագործելը անթույլատրելի է։

Պետդումայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը։ Նա հիշեցրել է, որ հանրապետությունը ռուսական գազը ստանում է եվրոպականից զգալիորեն ցածր գնով, ինչպես նաև կախված է դրամական փոխանցումներից և ռուսական շուկայից։ Վոլոդինը կասկած է հայտնել, որ հայկական արտադրանքը կկարողանա հաջողությամբ մրցակցել եվրոպական շուկայում, և կարծիք է հայտնել, որ եվրաինտեգրման ուղին կարող է հանգեցնել ազգային ինքնության կորստի։

«Եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրկախառնվեցին Փաշինյանի հետ։ Դե պայմանագիր կնքեք, գինի մատակարարեք Ֆրանսիա։ Նույնիսկ կոնյակն արդեն նրանց մոտ բրենդի է, որովհետև ֆրանսիացիներն ասացին, որ դա բրենդի է»,– ասել է Պետդումայի նախագահը («Վեստի»-ի փոխանցմամբ)։

Վոլոդինը հիշատակել է նաև Հայաստանում ընդունված օրենսդրական նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Եվրամիությանը անդամակցելուն և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի տարածքում տարածելուն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս պետությունների միջև բաց և փոխշահավետ հարաբերությունների օգտին։

Մայիսի 4-ին Մակրոնը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տարիներին Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքական ուղղությունը և այլևս չի ընկալվում որպես «Ռուսաստանի արբանյակ»։ Մակրոնի խոսքով՝ 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուց հետո երկրում տեղի են ունեցել էական քաղաքական փոփոխություններ։

Կիսվեք ձեր էջում