Ազատ խոսք

«Պատվիրատուի նպատակն ամենևին հետախուզական տեղեկատվությունը չի եղել ու չէ». Վարդան Բալյան

«Պատվիրատուի նպատակն ամենևին հետախուզական տեղեկատվությունը չի եղել ու չէ». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերի լրահոսի գլխավոր թեմաներից մեկը ԱԱԾ կողմից դավաճանների լրտեսական ցանցի բացահայտումն էր: Ցավում եմ, որ մեր մեջ այդպիսիք, բայց հրապարակված տեղեկատվությունը շատ ավելի լուրջ մտորումների առիթ է տալիս:

Առաջին հերթին, ձերբակալվածների հավաքած տեղեկատվությունը դեֆիցիտային արժեքի տեսանկյունից ակնհայտորեն ցածրարժեք է եղել, դրանց դիմաց վճարումները՝ մի քանի հարյուր դոլլար առավելագույնը, գուցե ավելին է եղել իրական գնից:

Ու սա փաստում է մի կարևոր հանգամանք՝ պատվիրատուի նպատակն ամենևին հետախուզական տեղեկատվությունը չի եղել ու չէ: Մեր զորամասերի տեղակայման վայրերը և նմանատիպ տեղեկատվությունը, որի մասին խոսվում էր տեսանյությում, շատ ավելի մեծ ծավալով կարելի է հավաքել առանց անկապ ագենտների հավաքագրման:

Մեզ ցույց տվեցին, որ լիքը դավաճաններ կան մեր մեջ ու թերևս վարչապետ Փաշինյանը ճիշտ էր, երբ պատերազմի օրերին խոսում էր ինչ-որ դավաճանների մասին:

Դավաճանափնտրտուքը դավադրապաշտական վարկածներում կարևոր բաղադրիչ է: Պատերազմական պարտության համար պատասխանատուներն այլևս բացահայտված կամ դեռ ծպտված տասնյակ, գուցե հարյուրավոր, չի բացառվում հազարավոր հայերն են, այդ թվում՝ մեր զինվորները:

aac kalanq

Ու այս ցանցի բացահայտումը ակնհայտորեն հենց այն ձևավորողի գլխավոր նպատակներից մեկն է եղել, ենթադրում եմ նրանց պլանի մի մասը: Մյուս նպատակը կարող էր լինել այս մարդկանց օգտագործումն առաջիկայում, ինչի համար էլ նրանց կախման մեջ են գցել՝ ներգրավելով լրտեսական ցանցում:

Ու բազմաթիվ այլ նպատակներ, որոնց քննարկումն անիմաստ եմ համարում, թող համապատասխան մարմինները զբաղվեն, հատկապես, որ իրենց պարտականությունն է ու գործը, որի համար վճարվում են:

Ես այս առիթով կբարձրաձայնեմ այլ խնդիր, որ շատերս չենք նկատում: Հեղափոխությունից հետո Հայաստանում շարունակում է ծաղկել խաղային բիզնեսը, որի շրջանառությունն անցյալ տարի կազմել է 6.5 միլիարդ դոլլար, ավելին, քան մեր պետական բյուջեն:

Ու ներկա իշխանությունը, որ զբաղված է ծխախոտի գովազդը սահմանափակելու և ծխելու դեմ պայքարով, աչք է փակում այն փաստի վրա, որ հայկական հեռուստատեսությունը, մեդիա բոլոր հարթակները ողողված են տարատեսակ խաղարկությունների գովազդով՝ միլիոնավոր դրամների պարգևներ, ավտոմեքենաներ, հեռախոսներ…

Չի նկատում, որ խաղում են համարյա բոլորը՝ հսկայական քանակությամբ մարդիկ, այդ թվում՝ մեր բանակի շատ մեծ քանակի զինվորականներ: Խաղում են, հսկայական տոկոսներով վարկեր են վերցնում՝ հաղթելու հույսով, հետո պարտվում ու նորից փող փնտրում…

Ու սա միայն խաղ չէ, սա լուրջ հոգեկան կախվածություն առաջացնելու միտված տեխնոլոգիա է, որից օգտվում են աշխարհի բազմաթիվ հատուկ ծառայություններ: Մի օր հատուկ գրառումով կանդրադառնամ այս թեմային:

Ու այսպես, պարոնայք ներկա ու նախկին իշխանավորներ, դավաճաններ ծնող միջավայր ու կառույցներ դուք եք ստեղծում, դուք եք հովանավորում: Ու դուք բոլորդ նույնքան դավաճան եք, որքան մի քանի հարյուր դոլլարով սեփական հայրենիքը ծախելու պատրաստ տականքը»:

Կիսվել նյութով