Մամուլ

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Ռուսաստանից Հայաստան վերադարձած 45-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է տանիքում կախված

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Ռուսաստանից Հայաստան վերադարձած 45-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է տանիքում կախված

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել են, որ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տան տանիքում հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քննչական հետախուզության բաժանմունքի պետ Մայիլյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Բադալյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում մետաղյա ձողից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Ե-ի դին։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարերը դուրս են բերել դին և մոտեցրել դիատարին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արամ Ե-ն մեկ օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։

Կիսվել նյութով