Մամուլ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Օշական-Ոսկևազ ավտոճանապարհին բախվել են BMW և Opel մակնիշ ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանաքզրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների, վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորներից  երկոսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից։

shtapognutyun

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել խողովակի տակ։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից ախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Share