Մամուլ

Նոր կարգավորումներ. ինչ է սպասվում վարժական հավաքներին մասնակից աշխատողներին

Նոր կարգավորումներ. ինչ է սպասվում վարժական հավաքներին մասնակից աշխատողներին

Armlur.am-ը գրում է․ Հրապարակվել են Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են վարժական հավաքներին մասնակից աշխատողներին։

Այս օրենքի ընդունմամբ` մասնավոր ոլորտի գործատուները պարտավորվում են աշխատողին վարժական հավաքների ներգրավելու դեպքում առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար՝ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։

30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ/աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200,000 դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80,000 դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120,000 դրամ։

Ինչ վերաբերում է պետական ոլորտի գործատուներին, ապա գործատուն կվճարի յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար՝ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա` գործատուների կողմից վճարումն ուշ կատարելու դեպքում տուժանքի վճարման պահանջ չի առաջանա, քանի որ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձն ուշ վճարելու համար գործատուն աշխատողին պետք է տուժանք վճարի, եթե ուշացումը եղել է գործատուի մեղքով։

Կիսվել էջում