Նորածիններին ծննդատանը փոխանակել են․ հայտնի են մանրամասներ
ԱՄՆ-ում երկու ընտանիք դատական հայց են ներկայացրել Գրաֆտոնի «Յունիթի» հիվանդանոցի դեմ՝ պնդելով, որ 36 տարի առաջ ծննդատանը իրենց նորածին երեխաներին փոխանակել են։ Այս մասին հայտնում է KKTV-ն։
Պատմությունը բացահայտվել է 2024 թվականին, երբ Կոլորադոյի բնակիչ, 36-ամյա Ջերեմի Մորիսոնը գենետիկական թեստ է հանձնել։ ԴՆԹ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իրեն մեծացրած ծնողները կենսաբանական ծնողները չեն։
Մորիսոնի խոսքով՝ դեռ մանկուց իրեն օտար էր զգում ընտանիքում և հաճախ նկատում էր, որ արտաքինով չի նմանվում ծնողներին ու հարազատներին։ Սակայն երբեք չէր պատկերացնում, որ դրա պատճառը կարող էր լինել ծննդատանը տեղի ունեցած հնարավոր սխալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հետագա ԴՆԹ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը և նույն հիվանդանոցում, ընդամենը մի քանի ժամ տարբերությամբ, ծնվել է ևս մեկ տղա՝ Քայլ Բեյլինը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ Ջերեմին և Քայլը մեծացել են ոչ իրենց կենսաբանական ընտանիքներում, ինչի հիման վրա ընտանիքները ենթադրում են, որ նորածիններին փոխանակել են հենց ծննդատանը։
Հիվանդանոցը, սակայն, հերքում է մեղադրանքները։ Բուժհաստատության ղեկավարությունը հայտարարել է, որ այդ տարիներին աշխատած անձնակազմն այլևս այնտեղ չի աշխատում, իսկ արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել։ Նրանց պնդմամբ՝ որևէ ապացույց չկա, որը կհաստատի, որ երեխաների փոխանակումը տեղի է ունեցել հիվանդանոցի մեղքով։
Չնայած դատական գործընթացը դեռ շարունակվում է, երկու ընտանիքներն արդեն հանդիպել են իրենց կենսաբանական որդիներին։ Միևնույն ժամանակ, Ջերեմի Մորիսոնն ու Քայլ Բեյլինը, որոնք, ըստ ընտանիքների, ծննդատանը փոխանակվել են, մինչ օրս անձամբ չեն հանդիպել։


