Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ
Սոցիալական ցանցերում տարածված և հանրային լայն հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը վաճառվող մրգերի վրա միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խանութում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել։
Լաբորատոր փորձաքննության արձանագրության համաձայն՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։
Հանրային առողջության պահպանման կարևորությունից ելնելով՝ տեսչական մարմինը պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
Միաժամանակ, վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութերի կիրառման նման դեպքեր արձանագրվում են նաև այլ վաճառակետերում։
Տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու պարագայում անմիջապես ահազանգել թեժ գծի 118 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին պնդում է, թե ականատես է եղել, թե ինչպես է խանութի աշխատակիցը վաճառվող մրգերի վրա միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում, ՍԱՏՄ-ն անհապաղ վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել։ Տեղում վերցվել են նմուշներ, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության։


