Ազատ խոսք

«Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես». Աշոտյանի արձագանքը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին

«Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես»։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթանալով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ուզում անել հետևյալ կարևոր արձանագրումները.

1. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար։ Օրինակ, Թրամպը չի «ֆայմել» իր ելույթում կպնել իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած դեմոկրատներին։

2. Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը դեռ ակտուալ է, ապա սա նշանակում է, որ իր իրեն կամ չեն հավատում, կամ նա շարունակաբար ստում է։

3. Ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանության մասին երկու հպանցիկ հիշատակումը, առանց որևէ բարոյական, քաղաքական կամ իրավական շեշտադրման և օրակարգի։ Վե՞րջ, էլ չե՞նք պահանջելու ճանաչում, էլ չե՞նք պայքարելու հետևանքների վերացման և արդարության վերականգման համար։

4. ՄԱԿ-ի ամբիոնից նորից կրկնվեց Նիկոլի՝ Արցախյան կարգավորման անհեթեթ բանաձևը Արդբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին։ Արդեն պարզ է, որ նրան թվում է, որ ինքը գտել է մի «թույն» լուծում՝ Ալիեւին դեմ տալու և ձգձգելու բանակցային գործընթացը։ Ավաղ, այս պարզունակ հնարքը ոչ միայն չի աշխատելու, այլև շատ արագ մեզ կանգնեցնելու է նոր վտանգի առջև՝ քանդելով նախկին բանակցային կապիտալը, փոխարենը ստեղծելով մեծ ռիսկեր։ Ոչ Ալիեւը, ոչ էլ, ինչն ավելի կարեւոր է, Մինսկի խմբի համանախագահները այս դատարկաբանության թակարդը չեն ընկնելու։

5. Խոսելով մեր մարդասիրական և խաղաղապահ առաքելություններից՝ Նիկոլը «մոռացավ» Սիրիայում հայկական զորախմբի մասին։ Մեր բանակի և սահմանադրության ոտնահարման հաշվին սեփական խնդիրներդ լուծելուց լա՞վ ես, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից մեր տղաների վտանգավոր առաքելության մասին վախենու՞մ ես հիշատակել։

6. Լավ է, որ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անվանեցիր անհաջող փորձ՝ փաստելով, որ մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում։ Որոշ թրաշամանուկներիդ ասա, որ անկախ սեռից, դա իրենց ականջներին օղ անեն։

Հ.Գ. Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես։ Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա»։

Կիսվել էջում