ՄամուլՏեսանյութ

Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան

Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան

Իմ համար ամբողջ Հայաստանը մեկ արյուն է, մենք  մեկ կերպար ենք, բայց ես բոլորիդ շատ սիրում եմ, բայց Դավիթին եւ մնացած տղաներին, որ ընկել են, ավելի շատ եմ սիրում: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, 44-օրյա պատերազմում  զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը Աջարկուտում ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

«Եւ դրա համար ես թույլ չեմ տա մեղանչել նրանց հիշատակի առաջ, կամ պղծել նրանց հիշատակը եւ ստիպված եմ ասել այն ամեն ինչը, ինչ ստիպված եմ ասել հիմա:

Ես թույլ չեմ տա մեր սիրելի տղան, որ ասաց՝ «ընկան նրանք եւ չգիտեմ ինչի համար ընկան, մխիթարություն չկա», ինչպե՞ս կարելի է նման բան ասել, նրանք իրենց կյանքով պահեցին այն, որ մենք հիմա կանգնած ենք այստեղ եւ հիշատակի արարողություն ենք անում:

Ինչպե՞ս կարելի է ասել չկա այն, եթե նկատի ունեիր Արցախը, Արցախն էլ կա, ի՞նչ նկատի ունեիր, ես չեմ հասկանում»,- ասաց նա՝ դիմելով միջոցառումը վարող տղային:

Աննա Հակոբյանն ասաց, որ մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական եւ այլն:

«Մենք կորցրել ենք Դավիթին եւ 4000 դավիթներ, որովհետեւ շատերը չեն գնացել, որովհետեւ երբ պատերազմի ընթացքում գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետեւում:

Երբ որ ես որպես կին որոշեցի ինքս ջոկատ կազմել, որ տղամարդիկ տեսնեին, որ էնքան դրա կարիքը կա, որ կինն է ջոկատ կազմում եւ անցնեին իրենց պարտականությունների կատարմանը եւ ջոկատներ կազմեին, էլի արձագանքները լավ չէին եւ հերիք չէ, որ մեր տղամարդիկ չմիացան:

Ի՞նչ է կատարվում, կատարվում է այն, որ ունենք թշնամի եւ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու հարց եւ ով պետք է դա անի, եթե ոչ դուք՝ սիրելի աջարկուտցի տղամարդիկ: Ես հարգում եմ ձեզ, ձեր կանանց, երեխաներին, բայց առիթ տվեք այդ հարգանքը շարունակելու, վաստակեք այդ հարգանքը:

Գալ, պատերազմում իր անձը զոհած տղայի համար կանգնել, միջոցառում անել, դա ամենաքիչն է, մենք կանանցով էլ դա կարող էինք անել:

Պետք է մեծամասնությունը կանգնի եւ իր հողը պաշտպանի, ոչ թե պատերազմից պատերազմ փոքրամասնությունը զոհվի, մենք դրա իրավունքը այլեւս չունենք եւ դրա մասին խոսում եմ, որ մեր Դավիթի եւ մնացած դավիթների հիշատակը մեր գործով ապացուցենք»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը ասաց, որ Աջարկուտում միջոցառմանը ներկաներից մի քանիսը բացականչել են՝ «մահ դավաճաններին», սակայն 11 հազարը մեր շրջապատում եղած տղամարդիկ են՝ հայրերը, եղբայրները: 

«Ես հանուն Դավիթի եւ զոհվածների մամաների, ես ուղղակի պարտավոր էի ասել, որ մենք պարտավոր ենք մտածել, նոր խոսել եւ չթաքցնել իրականությունը: Ես հույս ունեմ, երբ որ մենք ասում ենք դավաճան, դա վերամբարձ չէ, քանի դատական գործ ունենք, որ մեղադրյալները սպաներ են եւ այլն:

Բայց մենք երբ ասում ենք դավաճան կամ մահ դավաճաններին, մենք կրկին մեր հետ գործ չունեցող կամ առավելագույնը կառավարության շենքում նստած մեկին, էնքան որ մեզնից հեռու լինի, չվերլուծենք ինքներս մեզ եւ իրականությանը չնայենք»,-ասաց նա:

Աննա Հակոբյանը եզրափակելով իր խոսքը՝ ասաց, որ ինքը պարտավոր էր ասել դա, եւ փոխել հաշվարկը՝ 500 հազար հերոս եւ 4000 պատերազմից փախչող:

Կիսվել նյութով