Մշակույթ

«Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը»․ Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

«Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․»։

Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։

Կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում:

Հովհաննես Թումանյան

1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 

1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։

Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»։

Տարիներ շարունակ այն պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում։

Կիսվել էջում