Մամուլ

Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը

Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր»,- ասել է Կուրղինյանը։

Նշենք, որ ԱԱԾ ծառայող Սամվելը գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ Նա Ապարանի կրակոցների երրորդ զոհն է։

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում, Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելիս ձայնային ազդանշան էր տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, մոտեցել վարորդին եւ վիճել նրա հետ: Միջամտել էին Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ:

aparan krakocner

Հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել էր Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել էր իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում վիճաբանությունը շարունակվել էր, որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ էր արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ:

Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել էին, իսկ հինգ անձ տեղափոխվել Երեւանի բժշկական կենտրոններ:

aparan spanutyun

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները՝ 27–ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։  Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։

Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Կիսվել էջում