Մամուլ

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

Sputnik Արմենիան գրում է․ Հետախույզ Գագիկ Պողոսյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Նրա հիշատակին տասնյակ մարդիկ էին հավաքվել Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում, որտեղ հերոսին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։

Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկն այսօր մարդաշատ էր ու բոլորի ուշադրության կենտրոնում։ Նորաբաց հուշաքար-ցայտաղբյուրի մոտ հետզհետե ավելանում էին ծաղիկները, մարդիկ հետաքրքրությամբ կանգնում էին, նայում հավաքվածներին, հետո արցունքներով հեռանում։

Արցախյան վերջին պատերազմի մասնակից հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 14–ին Հորադիզում։ Նա կարողացել է մի քանի տասնյակ զինվորների կյանք փրկել ու մարդկային և զինտեխնիկայի կորուստներ պատճառել թշնամուն։

daniel poghosyan

Հուշաքար-ցայտաղբյուրի տեղադրումը Գագիկի հոր` արցախյան առաջին պատերազմի մասնակից Դանիել Պողոսյանի միակ ցանկությունն էր, որը մեծ հպարտությամբ իրագործել է քանդակագործ Միսակ Մելքոնյանը։

–Պարոն Պողոսյան, ո՞նց եք ձեզ գզում,–փորձում եմ զրույցը սկսել ես, երբ նկատում եմ անճարությունից շփոթված Գագիկի հորը։

–Որդի կորցրած հոր պես, բալես։ Ո՜նց էր սիրում իր ծննդյան օրը, ո՜նց էր սիրում ուշադրության կենտրոնում լինել, ու ինքը հասավ իր ուզածին։ Տես` ինչքան մարդ է եկել։ Տղուս հոգեհանգստին էնքան վիրավոր տղերք էին եկել, ասում էին` որ հիմա մենք կանք, Գագիկի շնորհիվ է։ Դրանով եմ ապրում։ Իմ տղեն միշտ ապրելու է բոլորիս հիշողություններում…

«22 տարեկան էր, ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ էր ստացել։ Եկավ տուն, մեդալը բերեց, ասեցի` բալես, էդ դու ի՞նչ ես արել, որ էս մեդալին ես արժանացել։ Ծիծաղեց, ասեց` պապ, երևի շփոթվել են։ Իր համար ռազմական գաղտնիքը կյանքից թանկ էր։ Եթե Գագին մեջքից չխփեին, դիմացից ոչ մեկը խփել չէր կարողանա։ Ոչ մեկը…»,– ասում է հայրը, ներողություն խնդրում ու ընդհատում զրույցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով