Մամուլ

Հերոս տղա ունեմ, ժամկետային զինծառայող է․ Պատերազմի ամբողջ ընթացքում՝ առաջին օրից մինչև վերջին օրը մասնակցել է մարտերին. ՀՀ Ոստիկանապետ

Հերոս տղա ունեմ, ժամկետային զինծառայող է․ Պատերազմի ամբողջ ընթացքում՝ առաջին օրից մինչև վերջին օրը մասնակցել է մարտերին. ՀՀ Ոստիկանապետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանը երբեք չի մտածել ողջ կառույցը կառավարելու հնարավորությունն ունենալու մասին։ Երկար ժամանակ Տավուշի մարզում աշխատելով՝ թողել է ծննդավայրը, հայրական տունն ու տեղափոխվել Երևան՝ աշխատանքն այստեղ շարունակելու համար։

Մինչ Երևան տեղափոխվելը նա 2003 թ-ից մի շարք պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, 2012-16 թվականներին եղել է Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալը՝ օպերատիվ գծով, 2016-18 թվականը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետը, 2018-19 թվականը՝ Տավուշի մարզային վարչության պետը:

Իրավաբան․net-ի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ ոստիկանապետը պատմել է ընտանիքի, իր աշխատանքի, ոլորտի խնդիրների ու ցանկությունների մասին։
-Պարոն Ղազարյան, Դուք ծնունդով Տավուշից եք ու 2003 թվականից մինչ 2019 թվականը ոստիկանության համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրել եք այդ մարզում։ Դժվա՞ր չէր ծննդավայրը թողելն ու Երևանում աշխատանքի անցնելը։ Ինչպե՞ս ընդունեցիք Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ նշանակվելու առաջարակը։

-Մենք ծառայող ենք, հրամանը պարտավոր ենք կատարել։ Անկեղծ ասած, սկզբում ոստիկանության զորքերի հրամանատար լինելն ինձ համար խորթ էր։ Բայց հիմա կարելի է ասել, որ իմ լավագույն տարիներն անցկացրել եմ ոստիկանության զորքերում։ Ամենասկզբից էլ ես կարողացա այդ կոլեկտիվում ընդունվել, հարգվել, սիրվել։

Իմ համար առաջնային սկզբունք է եղել արդարությունը։ Ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում նախկինում եղածի մասին խոսել։ Դրա համար էլ մրցույթ հայտարարեցինք սպայական կազմի համար, ինչն արդյունք տվեց, անգամ նախկին աշխատակիցներ դիմեցին։

vahe ghazaryan

Տավուշ աշխարհը շատ եմ սիրում, եթե մի օր ժամանակ եմ ունենում, ինչը հիմա շատ դժվար է, անպայման գնում եմ այնտեղ։ Տավուշում ծնողներս են, ընկերներս։
– Ինչ դժվարությունների հանդիպեցիք փոխոստիկանապետի պաշտոնից շուրջ մեկ տարի անց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին անցնելու ժամանակ։ (Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել ՀՀ նախագահի 2020 թ. հունիսի 8-ի հրամանագրով)։

-Լուրջ պատասխանատվություն էր։ Չեմ ուզի խոսել իմ կատարած աշխատանքի մասին։ Ավելի լավ է իմ աշխատանքի գնահատականը հասարակությունը տա։ Կորոնավիրուս, պատերազմ, հետպատերազմյան շրջան, շատ դժվար ժամանակաշրջան էր։

-2020 թվականի Արցախյան պատերազմին մասնակցել են շատ ոստիկաններ, ցավոք ունենք զոհվածներ, անհետ կորածներ և վիրավորում ստացածներ: Արդյո՞ք ոստիկանությունը, բացի պետական միասնական ծրագրերից, ունի և իրականացնում է երկարաժամկետ ու շարունակական իր ծրագրերը` ուղղված զոհված, անհետ կորած ոստիկանների ընտանիքների և վիրավորում ստացած ոստիկանների սոցիալ-տնտեսական, առողջապահական ու այլ խնդիրների լուծմանը:

-Անհետ կորածներ ունենք, Շիրակի մարզի Աշոցքի բաժնի պետ Աշոտ Ղազարյանը։ Ամեն ջանք դնում ենք նրանց գտնելու համար։

Փորձում ենք օգնել զոհվածների մայրերին, երեխաներին, ընտանիքի մյուս անդամներին։ Լինում է՝ աշխատանքի տեղավորման հարցով ենք օգնում։ Հիմա էլ, ամեն մարզ գնալուց, գոնե մի տուն անպայման մտնում եմ։ Շուշիում, երբ մշակույթի տան վրա հարված եղավ, ընկերներ կորցրի այդտեղ։

Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը զբաղվում է մեր աշխատակիցների հարցով, կապ պահում, զանգում, խոսում ընտանիքի անդամների հետ։ Փորձում ենք ամեն կերպ իրենց կողքին կանգնել։ Աշխատակից ունենք, որի որդին շատ լուրջ վնասվածք ունի, ոտքերը, ձեռքը ամպուտացված է, հիմա ճանապարհներ ենք փնտրում նրան արտերկիր ուղարկելու, օգնելու, որ հետո սերունդ կարողանա ունենալ։ Նման խնդիրներ էլ կան։

Վիրավորներին էլ աջակցում ենք, եթե ցանկություն հայտնում են շարունակելու՝ ընդառաջում ենք։ Այժմ պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը պետք է ստեղծվի, նախապատվությունը վիրավորում ստացած ոստիկաններին ենք տալու, որ աշխատանք ունենան։

Վահե Ղազարյան

– Դուք 3 երեխա ունեք, մեկ դուստր և երկու որդի, նրանցից որևէ մեկը շարունակու՞մ է ձեր մասնագիտությունը։

-Հերոս տղա ունեմ, ժամկետային զինծառայող է։ Պատերազմի ամբողջ ընթացքում՝ առաջին օրից մինչև վերջին օրը մասնակցել է մարտական գործողություններին, Քարվաճառում է եղել։

Մեծացել է, սպիտակել․․․ Պոլիտեխնիկում է սովորում, իր պապի գործն է շարունակում, մի քանի ամիս է մնացել ծառայությանը, ասում է՝ գամ, շինարարական մի ընկերություն մտնեմ, աշխատեմ։

Աղջիկս բժշկական համալսարանում է սովորում՝ արդեն ասպիրանտուրայում է։ Փոքր տղաս էլ դպրոցական է՝ 9-րդ դասարան, ինքն էլ որոշել է ծրագրավորող դառնալ։

-Եթե ցանկություն ունենան ոստիկանության համակարգ մտնելու, դեմ կլինե՞ք։

-Ոչ, իհարկե ոչ, ուրախ կլինեմ, կօգնեմ։

-Ձեր կինը չի բողոքու՞մ, որ Ձեզ քիչ է տեսնում։

-Համակերպվել է։ Իջևանում 7 տարի բաժնում եմ աշխատել, որից մաքսիմում 3 տարին տանը քնած լինեմ, թե չէ․․․ Բնավորությամբ այնպիսին եմ, որ մինչև գործս չավարտեմ՝ տուն չեմ գնա։ Իմ օպերներին էլ էի ասում՝ մինչև գործը չավարտենք՝ տուն գնացող չկա։ Ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի։ Կարևորում եմ խիստ կարգուկանոնը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով