Մամուլ

Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեխաներին մանկապարտեզ ընդունելու հարցն իսկական գլխացավանք է դարձել ծնողների համար. մեկ տարուց ավելի է, ինչ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչական շրջանների աշխատակազմերը լարված եւ շունչները պահած սպասում են, թե երբ պետք է քաղաքապետ Հայկ Մարությանը բարեհաճի ներկայանալ աշխատանքի եւ ստորագրի մանկապարտեզ հավելյալ ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ որոշումը: Ասել է թե՝ փաստաթուղթը քաղաքապետի սեղանին է, բայց նա տեղում չի լինում, որ ստորագրի:

Բանն այն է, որ քաղաքապետի որոշումով պետք է հավելյալ ընդունելություն կազմակերպվի, որպեսզի օնլայն հերթագրվածները կարողանան հաճախել մանկապարտեզ: Մեզ հայտնի դարձավ, որ այս խնդրով ծնողներն ամեն օր անհանգստացնում են վարչական շրջանների աշխատակազմերին: Ի դեպ, որոշ հաշվարկներով՝ ավելի քան 12 հազար գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են, թե երբ է հերթը իրենց հասնելու:

Հայկ Մարության

Պարզվում է՝ ավելի քան մեկ տարի է, ինչ քաղաքապետարանը չի կարողացել լուծել շենքային պայմանների հարցը. չէ՞ որ մանկապարտեզներում հավելյալ տեղեր պետք է ավելացվեն, որպեսզի կորոնավարակի պայմաններում հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը եւ հակահամաճարակային կանոները:

Արձանագրենք, որ կառավարությունը կարանտինի պայմաններում նոր պայմաններ է սահմանել դպրոցների, բուհերի համար, բայց մանկապարտեզների մասին մոռացել է:

Շատ ծնողներ այս ընթացքում ստիպված են եղել իրենց երեխաներին ուղարկել մասնավոր մանկապարտեզներ, որտեղ գները սկսում են 70 հազար դրամից, կամ աշխատանքից ազատվել են երեխային պահելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share