ՄամուլՄշակույթ

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» Շիրակի մարզային գրադարանինն է

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանության ու «Ա. Ա Թրաքս» ընկերության միջև 2017-ի ապրիլի 20-ին կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքը՝ հայկական արտադրության առաջին «Գրաբուսը», այսօր պաշտոնապես բացվեց Շիրակի մարզային գրադարանում:

«Ուզում եմ ընգծել, որ ծրագրի մեկնարկը տրվել էր վաղուց է, և ուրախ եմ, որ այսօր հաջողությամբ ավարտին ենք հասցնում հրաշալի ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը:

«Գրաբուսը» նախատեսված է ամբողջ Շիրակի մարզի համար և շրջելու է մարզի բոլոր համայնքներում: Շրջիկ «Գրաբուսը» հաջողությամբ կարող է լրացնել մարզային գրադարանների ոլորտում տիրող բացը»,- Շիրակի մարզային գրադարանում «Գրաբուսի» բացման արարողությանն ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Գրաբուսի» առաջիկա երթուղին Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանն արդեն հստակեցրել է՝ Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Ախուրյան և Արթիկ: «Ոչ միայն շրջիկ գրադարանով, այլև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով հասնելու ենք մարզի ամենահեռավոր համայնքները»,- ասում է մարզային գրադարանի տնօրենը:

«Ա. Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ` «Գրաբուսը» կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր:

«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով: Մեքենան հնարավորություն ունի տեղաշարժվելու բարձր լեռնային գուտիներում»,- ասաց ընկերության տնօրենը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք մշակութային նման նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն:

Ի դեպ, Լիլիթ Մակունցի վստահեցմամբ, Չինաստանի դեսպանի հետ ծրագիրը շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Չինաստանի դեսպանությունը ծրագրին տրամադրել է 60 հազար դոլար, իսկ «Ա. Ա. Թրաքս» ընկերությունը` 30 հազար դոլար:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով