Մամուլ

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը

Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիրի 51-րդ փողոցում մի խումբ անձինք են հավաքվել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Թորոսյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Այդ օրը, ժամը 19։40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 66-ամյա Աշոտ Վ․-ի հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 86-ամյա Հրաչիկ Ու․-ն հարվածել է Աշոտ Վ-ին, իսկ Հրաչիկ Ու․-ի տղան՝ Երևանի բնակիչ 50-ամյա Հովսեփ Ու․-ն, իր մոտ եղած ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել դեպի օդ։

Մինչ քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում Երևանում հայտնաբերում են Հրաչիկ Ու․-ին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Հովսեփ Ու․-ին և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Կիսվել նյութով